🔍

«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ. «Փաստինֆո»

Իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական համակարգից ԱԱԾ տեղափոխված և ներկայում ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում գտնվող Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում է ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ընդ որում՝ որոշել է այն պաշտպանել ոչ թե ԵՊՀ-ում, այլ Սլավոնական համալսարանում, որտեղ փորձում է պարտադրել իր կամքը։

«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ. «Փաստինֆո»

Մասնավորապես, նախքան դոկտորականի պաշտպանությունը, անհրաժեշտ է, որ նախ հաստատվի դրա թեման։ Սակայն Ա. Սիմոնյանը հարկ չի համարում անձամբ ներկայանալ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։

Ավելին՝ օգտագործելով ԱԱԾ տնօրենի տեղակալի իր կարգավիճակը՝ պաշտոնյան փորձել է շրջանցել թեմայի հաստատման սահմանված ընթացակարգերը։ Ըստ կարգի՝ նախքան Սլավոնական համալսարանի գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելը, թեման պետք է քննարկվի և հաստատվի ինստիտուտի գիտխորհրդի կողմից։ Սակայն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, իր միջնորդների միջոցով, փորձել է ազդել համալսարանի ռեկտորի վրա և հարցը միանգամից ներկայացվել է համալսարանի գիտխորհրդին, որի նիստը, մեր տեղեկություններով, նախատեսված է վաղը։ Ընդ որում՝ նա հակված չէ անձամբ մասնակցել։

Այսօր նա չի ցանկանում ներկայանալ թեմայի հաստատմանը, վաղն էլ, գուցե, փորձի միջնորդավորված պաշտպանել դոկտորականը։ Մնում է բաց հարց՝ ինչու է Սլավոնական համալսարանի ռեկտորը ստորադասում համալսարանի վարկանիշը։

Մեկնաբանություն Սլավոնական համալսարանից

«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Սլավոնական համալսարանից, սակայն ոչ մամուլի պատասխանատուն, ոչ էլ ռեկտորի ընդունարանը չեն արձագանքել հեռախոսազանգերին։

Ի դեպ, Սիմոնյանի համար, կարծես թե, հարցերին պատասխանելը ամոթ է։ Հիշեցնենք, որ նա իր պաշտոնին հարիր չէր համարում նաև դատական նիստին ներկայանալը և դատարանի հարցերին պատասխանելը՝ անգամ իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Խոսքը վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի գործով քրեական գործին, որի շրջանակներում դատարանը չկարողացավ կայացնել դատական ակտ, և, դուրս գալով խորհրդակցական սենյակից, վերսկսեց դատաքննությունը՝ համարձակություն ունենալով ԱԱԾ տնօրենի տեղակալ Սիմոնյանին հրավիրել դատարան։

Ասել է թե՝ Սիմոնյանը որոշել է «գողական» մոտեցում ցուցաբերել, և նրա համար «զապադլո» է թե՛ դատարանում ցուցմունք տալը, թե՛ գիտական հանրության առջև դոկտորականի թեման հիմնավորելը։ Կամ էլ պարզապես չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, ինչը արդեն պարունակում է կոռուպցիայի տարրեր։


01.05.2025 ժամը 21:27 | Հայաստան

Լուրեր Հայաստանում