
Միջազգային մեծ ճանաչում ունեցող երաժիշտները՝ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, թավջութակահար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ նոր շունչ տալ «Արցախ» կամերային նվագախմբին։
Մայիսի 5-ին նվագախումբը համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը, որպես մենակատար ելույթ կունենա Սերգեյ Խաչատրյանը
2004-ից Արցախում գործում էր «Արցախ» պետական կամերային նվագախումբը։ 2023-ի տեղահանությունից հետո այն դադարեցրեց գործունեությունը։ 2024-ի ամռանը նվագախումբը վերածնվեց Հայաստանում։ «Արցախ» կամերային նվագախմբին նոր կյանք տալու գաղափարը օպերային երգչուհի Հասմիկ Պապյանինն էր։
«Ես չէի ուզի Արցախի մասին որպես հուշ, հիշողություն խոսենք։ Սա է նաև նպատակը, թե ինչու եմ փորձել վերականգնել «Արցախ» նվագախումբը։ Ես չեմ հաշտվում Արցախի կորստի հետ։ Հույս ունեմ՝ մի օր գալու է այդ բաղձալի օրը, որ լինի վերադարձ։ Մշակույթի մարդու ցանկություն և նպատակ է, որից ավելին այս պահին չեմ կարող անել»,- ասում է Հասմիկ Պապյանը։
Արցախում նվագախումբը գործում էր 11 հոգանոց կազմով, բացը լրացնելու համար համերգների ժամանակ երաժիշտներ էին հրավիրվում Հայաստանից։ 2024թ․-ի հոկտեմբերին Երևանում լսումներ կազմակերպեցին, և նվագախմբի անդամների թիվը հասավ 25-ի։ Հենց այդ կազմով էլ մայիսի 5-ին ելույթ են ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ «Արցախ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նարեկ Հախնազարյան։
«Մեր նպատակն է դառնալ միջազգային մակարդակի նվագախումբ, քանի որ հայերը մեծ ներուժ և տաղանդ ունեն։ Ակտիվ աշխատում ենք, և շատ մեծ տարբերություն կա մեր առաջին համերգի և կայանալիք համերգի միջև։ Անգամ հյուրախաղերի հրավերներ ենք ստացել։ Պատրաստվում ենք հանդես գալ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Կանադայի հրավերն այս աշնանն էր, սակայն խնդրեցի հետաձգել հյուրախաղերը մինչև գարուն, որպեսզի ավելի լավ պատրաստվենք և ամբողջ պոտենցիալով ներկայանանք»։
Նարեկ Հախնազարյանն ու Սերգեյ Խաչատրյանը` որպես թավջութակահար և ջութակահար, հաճախ են նվագել միասին Հայաստանում ու արտերկրում, բայց առաջին անգամ են նվագախմբում հանդես գալու որպես ջութակահար և դիրիժոր:
Պատմում է Սերգեյ Խաչատրյանը․
«Ինձ զանգահարեց Նարեկ Հախնազարյանը և հայտնեց նվագախմբի հետ ելույթ ունենալու գաղափարի մասին։ Իհարկե, որպես հայ երաժիշտ շատ կարևոր է աջակցել այդ գաղափարին։ Էլ ավելի կարևոր է, որ արցախցի մեր հայրենակիցներին ենք աջակցում, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը, լինել երաժշտություն մեջ»։
Անվանի ջութակահարը հիշում է, որ տարիներ առաջ ընկերներով կամերային նվագախումբ էին ստեղծել և համերգներ ունեցել նաև Ստեփանակերտում։ Հետևաբար, կարևորում է, որ յուրաքանչյուր երաժիշտ աջակցի նվագախմբի վերածննդին։
Հասմիկ Պապյանն էլ նշում է, որ Հայաստանում նվագախմբերի պակաս չկա, խնդիրը Արցախի նվագախումբը պահելն էր և հենց այդ անունով։
«Օրը կգա, մարդիկ պատիվ կհամարեն օգտակար լինել, աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին»։
Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ նվագախմբի անունը խնդիրներ չի ստեղծել, փոքր-ինչ դժվարացրել է ֆինանսավորման հարցը։
«Անվան պատճառով ֆինանսավորումը բավականին դժվարանում է, ֆինանսական շատ աղբյուրներ՝ լինեն մասնավոր, պետական, անվան պատճառով արդեն չեղարկում են ֆինանսավորումը»։
Մայիսի 5-ին «Արցախ» նվագախմբի երևանյան առաջին համերգն է։ Ծրագրում՝ Բարտոկ՝ Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյան՝Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, Միրզոյան՝ «Շուշանիկ» և Շոստակովիչ։
03.05.2025 ժամը 16:07 | Հայաստան
29.01.2025 ժամը 20:10
01.02.2025 ժամը 20:28
26.01.2025 ժամը 19:36
29.01.2025 ժամը 20:57